28 Դեկտեմբեր, Շբ
Պատմագիրների երկերում բազում ու զանազան պատմություններ և հրաշազան խոսքեր կան մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին։ Մեզ են փոխանցվել նաև սխրալի ու սքանչելապատում ավանդություններ, որոնցից մեկը, մեր սուրբ հոր ու մեր հոգիների լուսավորչի բուսածին հղացման մասին ավանդությունը, մի երջանիկ պատմագիր գրի է առել իր շարադրանքում։
Անակը, Պարսից աշխարհից Հայաստան գալով, օթևանում է սուրբ Թադեոս առաքյալի դամբարանին մերձ գտնվող մի վայրում։ Եվ, համաձայն ավանդության, այդ վայրում է Գրիգորի մայր Ոգուհին հղանում իր մանկամբ, որը առաքելության միևնույն շնորհն է ընդունում իր վրա և ընթանում է առաքելական շավղով։ Բուրդար անունով մեկն էլ, Անակից հետո Պարսից աշխարհից պանդխտելով Հայաստան, Եվթաղոս անունով մեկի քրոջը՝ Սոֆյային, իրեն կնության է առնում և այնուհետ կամենում է վերադառնալ իր հայրենի աշխարհն ու գավառը՝ Կապադովկյան Կեսարիա։ Այս մասին իմանալով՝ Եվթաղոսը տարհամոզում է նրան, և այդ նույն ժամանակ է, որ, ինչպես վկայում է ավանդությունը, տեղի է ունենում սուրբ Գրիգորի ծնունդը, իսկ Սոֆյան էլ դեպքերի բերումով դառնում է մանկան ստնտուն։
Այն չարաշշուկ ժամին, երբ Անակի ձեռքով հայոց արքա Խոսրովը սպանվում ու արքայասպանն էլ գետակուր է լինում, և երբ վիրավոր ու մահամերձ Խոսրովի կողմից հրամայվում է Անակի ողջ տոհմը սրախողխող անել, Եվթաղոսը փութանակի գնում ու մոր գրկից վերցնում է մանուկ Գրիգորին և հանձնում նրան իր քույր Սոֆյային։ Խռովության դադարումից հետո Բուրդարն ու Սոֆյան, մանկանն առած, մեկնում են Կեսարիա՝ իրենց գավառ։ Ճանապարհին, երբ նրանք կանգ են առնում մի ծառի տակ, Տիրոջ աղավնակերպ հրեշտակը գալիս ու նստում է այդ ծառի վրա և ասում. «Գրիգո՛ր-Գրիգո՛ր»։ Այս պատճառով էլ մանկանը տանում-մկրտում են և անվանում Գրիգոր՝ աստվածային գրերի դպրությանը ուսման տալով նրան։
Ու երբ Գրիգորը մեծանում է, Դավիթ անունով մի հավատացյալ մարդ Գրիգորին փեսայացնում է Մարիամ անունով իր աղջկան։ Նրանք երկու զավակ են ունենում՝ Արիստակեսին ու Վրթանեսին, որից հետո միաձայն համաձայնությամբ հեռանում են իրարից. Գրիգորը գնում է Տրդատի մոտ, որպեսզի քավի իր հոր մեղքերը, իսկ Մարիամը, վերցնելով կրտսեր որդուն՝ Արիստակեսին, գնում է կուսանաց վանք։ Վրթանեսն էլ ամուսնանում է՝ ըստ աշխարհական կարգի և քահանայանում։
Սուրբ Գրիգորն, ըստ Աստծու պատվիրանների, մտերմաբար ծառայում է Տրդատին՝ մինչև այն պահը, երբ վերջինիս Եկեղյաց գավառի Երիզա գյուղում հայտնի է դառնում Գրիգորի հավատքը։ Եվ Գրիգորը, բազում կտտանքների ենթարկվելուց ու վիրապընկեց լինելուց հետո, Աստծու հրամանով այնտեղից դուրս գալով՝ լուսավորում է Հայաստան աշխարհը։ Այնուհետ էլ, ավարտելով իր հոգևոր վերակացությունը, գնում ու բնակվում է սուրբ Հռիփսիմեի ընկերուհիներից մեկը եղած Մանեի ճգնարանում։ Իսկ Գրիգորի վախճանից հետո հովիվները, գտնելով սրբի մարմինը, մեծ երկյուղածությամբ հողին են հանձնում այն։ Սուրբը, որ քաջ Հովվի օրինակով հայոց ազգի հոգևոր մշակության գործը կատարեց՝ ըստ Աստծու կամքի և հրեշտակային վարքով ավարտեց իր կյանքը, արժանացավ հեռաբնակ հովիվների ձեռքով հողի մեջ ներպարուրվելուն։
Մի որոշ ժամանակ անց էլ, Աստծու տնօրինությամբ, երանելի Գրիգորի ոսկորների նշխարները իր տևական, ճգնազգյաց աղոթքների շնորհիվ գտնում է Գառնիկ անունով մի ճգնավոր, որը Բասեն գավառից էր՝ Կթնո գյուղից։ Նա տեսիլքի միջոցով պատվեր է ստանում հանել նշխարներն ու տանել-թաղել Թորդան վանքում, համաձայն այն խոսքի, թե՝ «Քո ծառաները հավանեցին նրա քարերը, Տե՛ր» (հմմտ. Սղմ. ՃԱ 15)։ Ու այնքան էր տարածվել սրբի համբավը, որ երբ այս իրադարձության լուրը հասավ Զենոն կայսեր արքունական պալատ, սիրով ու մեծ հույսով բորբոքված հռոմեական կայսրը փութանակի իր մարդկանց ուղարկեց, որպեսզի մեծ պատվասիրությամբ իր մոտ փոխադրեն Լուսավորչի մասունքները։
Կայսեր մարդիկ՝ գալով, մեծ խնամքով, ինչպես պատվիրել էր կայսրը, ցանկանում են կատարել իրենց հրամայվածը։ Սակայն գավառի բնակչությունը և առհասարակ ողջ հայ ժողովուրդը թույլ չի տալիս՝ խռովություն և հուզումներ բարձրացնելով ու ասելով. «Սա մեր բարիքն է և մենք թույլ չենք տա, որ այն այլոց համար ճոխություն լինի»։ Եվ այդպիսով թույլ չեն տալիս, որ կայսեր կամքը կատարվի։ Չնայած որ ոմանք ասում են, թե մեկ ուրիշ Գրիգորիոս եպիսկոպոսի և կամ Աղվանից կաթողիկոս Գրիգորիսի մասունքներն են, ամեն դեպքում, փոխադրում Հռոմ։ Ուրիշներն էլ ասում են, թե հենց մեր Լուսավորչի մասունքներն են դրանք լինում։
Նաև ասվում է, որ այս դեպքում հայերը վարվեցին այնպես, ինչպես որ ժամանակին՝ Ուխտի տապանակի շուրջը ծագած խնդրի մասին խորհելիս, վարվել էին քանանացիները (հմմտ. Ա Թագ. 6-9)։ Նույն կերպ և հայերը, երկու բաշերը կտրած երինջներին սանձ կապեցին ու նրանց լծված սայլի մեջ զետեղեցին սրբի մասունքները՝ այն պայմանով, որ եթե երինջները անշեղ ընթացքով գնային դեպի արքունական պողոտա, ուրեմն այդ էր բարին, իսկ եթե խոտորվեին իրենց ճանապարհից ու կամայական ուրիշ վայր գնային, այնտեղ էլ պիտի կանգ առնեին և այլևս առաջ չշարժվեին։ Ըստ այս խորհրդի էլ, ինչպես պատմվում է, երինջները գնում ու կանգ են առնում բարձրաբերձ մի վայրում՝ մի բլրակի վրա, որն այժմ Ջորեհանգիստ է կոչվում։
Եվ, ինչպես որ, համաձայն Զենոբի պատմության, Տիրոջ կողմից հայտնված սուրբ Հովհաննես Կարապետի մասունքներն են ամփոփվում մի բարձրադիր վանք-մատուռում ու այնտեղից հսկում և պահպանում ողջ շրջակա գավառը, նույնկերպ և սուրբ Գրիգորի մասունքներն են հանգչում Ջորեհանգիստ կոչվող այդ վայրում՝ ի տես ամենքի, որպեսզի ովքեր հավատով նայեն, բժշկության արժանանան։ Այսկերպ նաև, ինչպես պատմում են ոմանք, կատարվեց մեր սուրբ Լուսավորչի մարգարեական խոսքը, քանի որ դեռևս իր կենդանության օրոք, երբ այդ վայրում Հովհան և Սիմեոն անուններով ճգնավորներ էին բնակվում, սուրբ Գրիգորը այցելում է նրանց, որպեսզի քաջալերանքի իր խոսքը հայտնի։ Ու երբ կամենում է արդեն հեռանալ ճգնավորներից, նրանք աղերսալիր ձայնով հարցնում են սրբին. «Գրիգո՛րիս, հնարավո՞ր է, որ նորից մեզ այցելության գաս»։ Լուսավորիչը այսկերպ է պատասխանում նրանց. «Եթե մարմնովս էլ չգամ, հոգիս կգա ձեզ մոտ»։
Միայն այսքա՞նն էին պատճառները այս իրադարձության, թե՞ ուրիշ ծածուկ պատճառներ էլ կային՝ միայն Աստծուն է հայտնի։ Իսկ մեր այս խոսքի ճշմարտացիությանը վկա է նաև այն, որ կայսեր հրամանով այդ վայրում հավատով, հույսով ու սիրով մի բարձրաբերձ ու զարմանահրաշ եկեղեցի է կառուցվում ի փառս Աստծու և ի պատիվ մեր սուրբ հայր ու հոգիների լուսավորիչ Գրիգորի։
Ամեն դեպքում մեր սուրբ Լուսավորչի նշխարներից շատ, թե քիչ մաս, եթե տարվել էլ է Բյուզանդիա, ապա դա եղել է Զենոն կայսեր ժամանակներում, որը մեծն Կոստանդիանոսից հետո տասներորդ գահակալն էր։ Այդ իրագործումն էլ տեղի է ունեցել ի փառս Աստծու սուրբ Գրիգորի ննջումից հիսունվեց կամ փոքր-ինչ ավելի տարիներ հետո՝ Հայաստանում ոմն Մանկնոսի իշխանության և տեր Բաբկեն կաթողիկոսի հայրապետության, նրանից հետո էլ Սամուելի վերատեսչության ժամանակներում, որ էր հայոց Մեծ թվականի սահմանումից մոտավորապես վաթսուն տարիներ առաջ։
Իսկ ահա հայոց լուսավորիչ սուրբ Գրիգորի նշխարների վերադարձը տեղի է ունեցել այդ դեպքերից մոտավորապես երկու հարյուր յոթանասուն տարի անց՝ Աշոտ Վերջինի կամ Սմբատի ժամանակներում և կամ նրանցից շատ տարիներ առաջ ապրած ուրիշ Աշոտի և Սմբատի օրերում, այդ հստակ չեմ կարող ասել։ Երբ էլ, որ դա տեղի ունեցած լինի, սքանչելի է Աստված Իր սրբերի մեջ, որ ամենայն ժամ փառավորում է Իր անունը փառաբանողներին, որոնցից է նաև մեր հոգևոր հայր ու հոգիների լուսավորիչ երանելի Գրիգորիոսը։ Եվ, ինչպես որ պատմությունն է վկայում, հետևյալ կերպ են ընթացել իրադարձությունները։
Բյուզանդական կայսրերից մեկն իր տիրապետության տակ եղող Հայոց երկրի վերակացուի մոտ մի իշխան է ուղարկում, որը, կայսերական բոլոր հրամանները հաղորդելուց հետո հավելում է նաև, որ մի մեծասքանչ ու զարմանահրաշ դեպքի է ինքը ականատես եղել։ Իշխանը պատմում է, որ մի օր, «երբ մեծապատիվ տոնախմբությունն աղոթքով տոնակատարարելու առթիվ մեծ եկեղեցում ժողովրդի բազմություն էր հավաքվել, այդ բազմության մեջ էր նաև արքունական պալատից մի ներքինի իր դիվահարված ծառայի հետ։ Եկեղեցում զգուշությամբ փակված մի տապանակ կար, որի մոտ, երբ հայտնվեց այսահարված ծառան, դևը նրան գետին գցեց ու սկսեց աղաղակել. «Դու՛, Գրիգո՛րիոս, լուսավորի՛չդ հայոց, և դո՛ւք՝ Հռիփսիմե՛ ու Պանդալեո՛ն, եկաք՝ հալածելու ինձ»։ Այս տեսնելով՝ ներքինին տաճարի սպասավորից խնդրեց տապանակի բանալին, որպեսզի բացի այն։ Սպասավորը պատասխանեց, որ ինքը չի համարձակվի այդ անել, քանի որ տապանակը կնքված է արքունական մատանիով։ Այդժամ ներքինին շտապով գնաց ու կայսրից խնդրեց թույլ տալ, որպեսզի բացեն տապանակը, ու երբ վերջինիս թույլտվությամբ բացեցին այն, այնտեղ գտան երեք արկղ՝ յուրաքանչյուրի վրա գրված սրբերից յուրաքանչյուրի անունը։ Նաև շատ ուրիշ բժշկություններ էլ տեղի ունեցան այդ ժամանակ սրբերի նշխարների շնորհիվ ի փառս փառավորյալ Աստծու և ի գովություն սրբերի»։
Այս պատմությունն էր, որ պատմեց Հայաստան եկած իշխանը։ Եվ այս պատմությունը լսելով՝ ամենքը փառք էին տալիս Աստծուն։ Այդժամ բյուզանդական տիրապետության տակ եղող Հայաստանի վերակացուն պատգամավորություն է ուղարկում կայսեր մոտ և աղերսագին խնդրում, որ Հայոց աշխարհ վերադարձվեն մեր սուրբ հայր և հոգիների լուսավորիչ Գրիգորի բազմաչարչար, հայրենահեռու և աստվածակիր նշխարները։
Այս խորհրդով կարգվեց աղուհացից շրջանում՝ հինգերորդ շաբաթ օրը նշվող տոնը։ Արդ, մեր սուրբ Լուսավորչի առաջին տոնը հղության տոնն է, երկրորդը՝ չարչարանքների։ Երրորդ տոնը մուտն ի վիրապն է, չորրորդը՝ ելքը վիրապից։ Հինգերորդ տոնը՝ տեսիլքի, վեցերորդը՝ ննջման, յոթներորդը՝ նշխարների գյուտի, իսկ ութերորդն էլ նշխարների վերադարձի տոնն է։ Այս բոլոր տոները տոնախմբելու ուրախությանը մեզ արժանացրեց Քրիստոսի արժանի ծառա մեր սուրբ հայրը։ Ուստի և մենք այդ օրերին մեծահանդես ուրախությամբ շարականներ ենք երգում՝ մեր մտքում ունենալով նրա բազում երախտիքները։ Իսկ ահա եթե տոների հարցում տարակուսանքներ լինեն և մենք տոնենք միայն առավել հայտնի չորս տոները, այդ ևս ընդունելի է, քանի որ բազում են մեր ու այլ քրիստոնյաների կողմից սահմանված տոները։
Այդպիսով, նախ և առաջ Գառնիկ ճգնավորի ձեռքով՝ ըստ Աստծու հրամանով ի վերուստ իրեն երևացած տեսիլքի, տեղի ունեցավ սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը։ Եվ ճգնավորը սրբի մասունքներն ամփոփեց Թորդան կոչվող գյուղում, իսկ այնուհետ էլ Զենոն թագավորի հրամանով սրբի նշխարներից մի մաս միայն կամ ավելի շատ տարվեց Կոստանդնուպոլիս, սակայն վերստին վերադարձվեց Հայք։ Իսկ Ջորեհանգստում տեղի ունեցած դեպքերը տարակույս են առաջացնում, քանի որ ոմանք ասում են, թե Աղվանից Գրիգորիս եպիսկոպոսի, իսկ ոմանք էլ թե, ինչպես ասացինք, մեր Լուսավորչի նշխարներից մի մաս տարվեց հույների երկիրը։
Այնուամենայնիվ, սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարները դարձյալ վերադարձվեցին իրենց հանգրվանին, համաձայն սաղմոսերգուի այն խոսքի, թե՝ «Քո ծառաները հավանեցին նրա քարերը, Տե՛ր» (հմմտ. Սղմ. ՃԱ 15)։ Ուստի և հարկ է, որ մենք նույնպես մեծ հոգաբարձությամբ ու ջերմ սիրով բոցավառված, հարամնա ու հանապազ մեծ տոնախմբությամբ պայծառապես պատվենք մեր լուսավորչին ու մեր հոգիների երախտավորին, որպեսզի չլինի թե ապերախտ գտնվենք նրա մեծաջան երախտիքների առաջ ու այդպիսով Տիրոջ կողմից մեծ դատապարտության արժանանանք։
Ուստի և աղաչում ենք քեզ, ո՛վ հայր պատվական, դո՛ւ, որ գիտես ջերմ սիրով բոցավառված մեր բաղձանքները, Տիրոջ առաջ բարեխո՛ս եղիր մեզ համար, որպեսզի Նա փրկի մեր ժողովրդին մեղքերից ու ողորմի բոլոր իրեն հավատացողներին և այս գիրը ընթերցողներին։ Ամեն։
«Յայսմաւուրք», Կ. Պոլիս, 1730 թ.,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը